ԱԲՍՈՒՐԴԻ ԹԱՏՐՈՆ
Հունվարի 22-ին Վրաստանի ներքին գործերի նախարարության աշխատակիցները ձերբակալել են ջավախահայ երկու երիտասարդների՝ Ախալցխայի երիտասարդական կենտրոնի տնօրեն Գրիգոր Մինասյանին և «Շառլ Ազնավուր» բարեգործական միության նախագահ Սերգեյ Հակոբջանյանին։ Մինչ Գրիգոր Մինասյանին կալանավորելը, Թբիլիսիից ժամանած ոստիկանները ներխուժել էին նրա գլխավորած երիտասարդական կենտրոն պարային խմբակի պարապմունքի ժամանակ, ներկաներից խլել բջջային հեռախոսները, բռնագրավել մի քանի գիրք և համակարգիչների ինֆորմացիոն կրիչները։
Ըստ որոշ տեղեկությունների` երիտասարդները մեղադրվում են անօրինական զինված խմբավորումներ ստեղծելու կամ ղեկավարելու և լրտեսության համար։ Այս ձերբակալությունները բողոքի ալիք են բարձրացրել ինչպես Ջավախքում, այնպես էլ Հայաստանում։ Վրաստանում գրանցվելը մերժված «Վիրք» կուսակցության համանախագահ Դավիթ Ռստակյանը մեզ հետ հեռախոսազրույցում փոխանցեց, թե Վրաստանի գործող իշխանություններն իրենց աթոռը պահելու խնդիր ունեն, ուստի լարվածություն են ստեղծում տարածաշրջանում՝ ընդդիմության և հասարակության ուշադրությունը շեղելու համար։ Նշենք, որ Վրաստանի իրավապահներն առայժմ որևէ պաշտոնական մեկնաբանություն չեն արել նշված ձերբակալությունների կապակցությամբ։ Դավիթ Ռստակյանի փոխանցմամբ՝ վրացական լրատվամիջոցները հայ երիտասարդների հետ կատարվածի մասին ընդհանրապես ոչինչ չեն տեղեկացնում։
«Վիրք» կուսակցության ղեկավարի խոսքերով՝ իրենք ամեն կերպ պայքարում են տղաներին ազատ արձակելու համար. հանդես են գալիս հայտարարությամբ և իշխանություններից պահանջում պատասխան, որպեսզի հանրությունն իրազեկ լինի և կարողանա պայքարել երիտասարդների իրավունքների պաշտպանության համար։ «Ես այդ մարդկանց ճանաչում եմ։ Նրանք տարածաշրջանում միայն ազգային խնդիրներով են զբաղվում. այն ամենով, ինչ Ջավախքի բոլոր կազմակերպությունները»,- նշում է Դ. Ռստակյանը։
Դեպքի առնչությամբ «Վիրք» կուսակցությունն օրերս հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ մասնավորապես ասված է. «Նման դեպքերն առաջին անգամ չէ, որ տեղի են ունենում Ջավախքում և բացահայտորեն հակահայկական ենթատեքստ ունեն։ Հետաքրքիրն այն է, որ նման մեղադրանքներ են կպցվում հիմնականում այն ջավախահայ գործիչներին, ովքեր ակտիվ քաղաքական գործունեություն են ծավալում և, բարձրաձայնելով տարածաշրջանին հուզող խնդիրների մասին, դրանց կարգավորման ուղղությամբ էական քայլեր են անում։ Նույնը վերաբերում է Գրիգոր Մինասյանին և Սերգեյ Հակոբջանյանին, ովքեր, միայն հայրենանվեր և ազգասիրական գործունեությամբ տարված լինելով, պայքարում էին ջավախահայությանը հուզող հիմնախնդիրների կարգավորման համար։ Եվ ասվածն, իհարկե, չէր բխում Վրաստանի կառավարության շահերից, քանզի այս երիտասարդների մտածելակերպն ու ակտիվ գործունեությունը բնավ էլ ձեռնտու չեն իրեն։ Չնայած այս պետության՝ արդեն ամենուր հնչող ժողովրդավարական ու հումանիստական արժեքների քարոզչությանն ու երկրի ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությանն ուղղված հռետորական ճառերին, միևնույն է, նա շարունակում է ասվածի ճիշտ հակառակն անել։ Սա բացահայտորեն երևում է հենց նման գործողությունների արդյունքում, երբ Վրաստանի իշխանություններն ամեն կերպ փորձում են կուլ տալ հիմնականում այն ջավախահայ երիտասարդ ուժերին, որոնք վաղը կարող են սպառնալ նրա «անբասիր» հեղինակությանն ու նպաստել Ջավախքի հայության ամրապնդմանն ու զորացմանը։ «Վիրք» կուսակցությունը կարծում է, որ նման գործողությունները կարող են և Վրաստանում սպասվող նախագահական ընտրությունների հետ անմիջական կապ ունենալ։ Խոսքը, մասնավորապես, առնչվում է Նինո Բուրջանաձեի՝ երկրի նախագահի պաշտոնում հայտնվելու հավակնություններին։ Սա նկատի ունենալով՝ կոչ ենք անում, ինչու չէ, նաև զգուշացնում ենք վրացական իշխանություններին՝ ջավախահայությանը չներքաշել իրենց կեղտոտ քաղաքական խժդժությունների հորձանուտը։ Զգուշացնում ենք, որ ձեր ստեղծած թատրոնն իր վատ դերասաններով հանդերձ պարզապես զզվեցրել է նորմալ բանականություն ունեցող և գաղափարապես դեռևս կայուն անհատներին։ Այդ իսկ պատճառով վերջ տվեք աբսուրդի թատրոն հիշեցնող այս գործողություններին, որոնք ակնհայտորեն ուղղված են Ջավախքի հայաթափմանն ու երիտասարդ մտածող ուղեղների սպանմանը։ Մենք պահանջում ենք անհապաղ ազատ արձակել Գրիգոր Մինասյանին և Սերգեյ Հակոբջանյանին։ Եվ սա պետք չէ ընդունել որպես վատ ջավախահայերին բարի Վրաստանի կողմից անելիք լավություն, այլ անհրաժեշտություն, քանզի միայն այս կերպ է հնարավոր գոնե ինչ-որ չափով մեղմել հանցավոր նպատակներ հետապնդող ձեր նողկալի գործողությունները… Մենք կոչ ենք անում՝ դադարեցնել հայատյաց քաղաքականության դրսևորումները, հակառակ դեպքում դրանք մի օր կարող են ափերից հանել առանց այն էլ դաժան հոգսեր, զրկանքներ, ճնշումներ տեսած և մի կերպ գոյատևող Սամցխե-Ջավախքի բնակչությանը… Նկատի ունեցեք՝ այդ օրը կարող է լինել հենց վաղը»։
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ